Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում տնտեսական ոլորտում իրավիճակը շատ դրական է զարգանում, սակայն գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Բոլորովին վերջերս մեզ մոտ տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրեցին, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում։ Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության 73% աճը լավ արդյունք է։ Մենք երեկ սկսեցինք (քննարկել-խմբ.), նաև հաջողվեց երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ», - ասել Է Պուտինը ՝ նշելով, որ հարցը մանրամասն քննարկվի։
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարեց, որ այս պահի դրությամբ ամենաօպերատիվ հարցը ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում:
«Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Կցանկանայի քննարկել այդ իրավիճակը», - հայտարարել է ՀՀ վարչապետը։
Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում ընթանում Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Երեքշաբթի քաղաքական գործիչներն այցելել են Ռուսական թանգարան, այնուհետև նախաճաշել։ Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները երեկ տուն են վերադարձել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը